Թուրք-պարսկական պատերազմը

Գահ բարձրացած Շահ Աբասը 1590թ. հաշտությունն օգտագործեց իր բանակը վերակազմավորելու համար։ Նա կարողացավ կարճ ժամանակում վերջ տալ ներքին հուզումներին և ուժեղացնել կենտրոնական իշխանությունը։ Շահ Աբասը վերակազմեց պարսից բանակը անգլիացիների օգնությամբ։ Ստեղծվեց եվրոպականի նմանությամբ նոր, մշտական բանակ։ Ստեղծվեց հրետանի։ Մտցրեց ռազմական հատուկ ուսուցում։ Այդ բոլորը նպաստեցին Պարսկաստանի հզորացմանը։Շահ Աբասը վերակազմեց պարսից բանակը անգլիացիների օգնությամբ։ Ստեղծվեց եվրոպականի նմանությամբ նոր, մշտական բանակ։ Ստեղծվեց հրետանի։ Մտցրեց ռազմական հատուկ ուսուցում։ Այդ բոլորը նպաստեցին Պարսկաստանի հզորացմանը։ Դրան հակառակ, XVI դ. 90-ական թթ. Օսմանյան Թուրքիայի արևելյան նահանգներում՝ Անատոլիայում, բռնկվեցին խռովություններ։ Տեղի էին ունենում գյուղացիական ապստամբություններ։ Օսմանյան պետությունը երկար ժամանակ ի վիճակի չէր ճնշելու այդ խռովությունները։ Միաժամանակ XVII դ. սկզբում գահակալական կռիվներ սկսվեցին, որոնցից Օսմանյան պետությունը խիստ թուլացավ։ Ստեղծված վիճակից օգտվեց Շահ Աբասը։ 1603թ. սկսվեց թուրք-պարսկական պատերազմը։ Պարսկական բանակը հեշտությամբ գրավեց Թավրիզը, ապա Երասխն անցնելով շարժվեց Նախիջևան։ 1604թ. գարնանը պարսիկները գրավեցին Ջուղան, Նախիջևանը և պաշարեցին Երևանը։ Շահը ճանապարհին մտավ Ջուղա քաղաք, որի բնակիչները շահին ճոխ ընդունելության արժանացրին։Երևանի պաշարումը տևեց ինն ամիս։ Թուրքերը համառ դիմադրում էին։ Պարսկական բանակի մի մասն այդ ընթացքում արշավեց Հայաստանի հարավային և արևմտյան նահանգներ, որոնց բնակչության մի մասին բերեց Այրարատյան դաշտ։ Պարսկական բանակը լուրջ դիմադրության չհանդիպեց, իսկ հայերը շահագրգռված չէին թուրքերի համար կռվելու պարսիկների դեմ։ Վերջապես հանձնվեց նաև Երևանի բերդը։ Օսմանյան բանակը 1604թ. ամռանը անցավ հակահարձակման։ Թուրքերն Արզրումից (Կարին) շարժվեցին դեպի Կարս և Շիրակ։ Շահ Աբասը որոշեց ճակատամարտ չտալ, այլ նահանջել։ Միաժամանակ նա որոշեց թշնամու բանակի հարձակման ուղղությամբ ամայացնել երկիրը, իսկ հայ բնակչությանը քշել Պարսկաստան։ Դրանով Շահ Աբասը զրկում էր թշնամուն պարենավորվելուց, ինչի հետևանքով թուրքերի առաջխաղացումը կդժվարանար։ Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթը նպատակ ուներ հայ բնակչությանը քշել Պարսկաստան՝ դրանով զարկ տալու երկրի տնտեսական զարգացմանը։ Հայ առևտրականները, որոնք հատկապես աչքի էին ընկնում մետաքսի առևտրում, մեծ եկամուտ կբերեին պարսից գանձարանին։ Պարսից զինվորները Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում այրում էին ամեն ինչ, ոչնչացնում տեղահանված բնակչության տները, ունեցվածքը, պարենը, անասնակերը, որպեսզի դրանք թուրքերի ձեռքը չընկնեն։ Իսկ գաղթած բնակչությունն էլ կկորցներ վերադարձի հույսը։ Հայաստանը վերածվեց անապատի։ Գաղթից ազատվեց միայն Սյունիքի և Արցախ-Ուտիքի հայությունը, որը հեռու էր ռազմաճակատի գծից։ Պարսկական բանակը, հետապնդվելով թուրքերից, շտապեցնում էր ժողովրդին օր առաջ անցնել Երասխի մյուս ափը։ Ի վերջո, մեծ կորուստների գնով Ջուղա հասած ժողովուրդը պարսկական բանակի հետ անցնում է Երասխը։ Դրանից հետո թուրքական բանակը մտավ Նախիջևան։

Գաղթող բնակչության համար ամենադժվար վիճակն ստեղծվեց Երասխն անցնելիս։ Եղած կամուրջներն ու մյուս միջոցները գետանցի համար բավարար չէին։ Իսկ պարսիկները, վախենալով թուրքերից, ձգտում էին օր առաջ գետն անցնել և ազատվել հետապնդումից։ Շահի հրամանով զորքն ստիպում է ժողովրդին լցվել գետը և ոտքով անցնել մյուս ափը։ Մարդիկ լցվում են ջուրը։ Ով կարողանում է լողալ, հասնում է մյուս ափը։ Իսկ ով չի կարողանում, հատկապես ծերերն ու երեխաները, կանայք ու թուլակազմ մարդիկ, զոհ են գնում գետի ջրերին։ Գաղթեցվեցին նաև Ջուղայի բնակիչները, որոնք դրանից առաջ փառահեղ ընդունելություն էին ցույց տվել Շահ Աբասին։ Ինչքան էլ պարսիկները ջանացին տեղահանել բոլորին, բայց շատերին հաջողվեց խուսափել՝ թաքնվելով լեռներում, անտառներում, քարայրներում և այլուր։

Գաղթականների մի մասին, հիմնականում գյուղացիներին, տեղափոխեցին Սպահան քաղաքի շրջակա գավառներ, իսկ Ջուղայի առևտրականներին շահի հրամանով թույլատրեցին բնակվել Սպահանում։ Նրանք կառուցեցին իրենց առանձին թաղամասը և այն անվանեցին Նոր Ջուղա։

Շահ Աբասի կատարած բռնագաղթը հայ ժողովրդի գլխին եկած մեծագույն չարիքներից էր։ Հայաստանից տեղահանվեցին և Պարսկաստան քշվեցին ավելի քան 300 հազար հայեր։

Պատերազմական գործողությունները Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև 1605թ. վերսկսվեցին։ Վճռական ճակատամարտում թուրքական բանակը պարտվեց։ Բայց դրանով պատերազմը չավարտվեց, այլ փոփոխակի հաջողություններով շարունակվեց ևս շուրջ 30 տարի։ Հաջողությունն ուղեկցում էր մերթ պարսիկներին, մերթ՝ թուրքերին։ Երկու դեպքում էլ գործողությունների թատերաբեմը Հայաստանն էր, իսկ տուժողն ու թալանվողը՝ հայ ժողովուրդը։

Երբ թուրքերին հաջողվեց 1638թ. գրավել Բաղդադը, պարսիկները հաշտություն առաջարկեցին։ 1639թ. նրանց միջև հաշտություն կնքվեց։ Շուրջ 80 տարի խաղաղություն հաստատվեց։ Պայմանագրով Հայաստանը վերաբաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Այսպիսով, Պարսկաստանին անցած Արևելյան Հայաստանի մեջ մնացին Գուգարքը, Շիրակը, Այրարատյան դաշտը, Սյունիքը, Արցախը, Ուտիքը, Պարսկահայքը և Վասպուրականի մի մասը։ Իսկ թուրքերին անցան դրանցից արևմուտք ընկած հայկական հողերը՝ Կարս, Վան, Արզրում (Կարին) նշանավոր քաղաքներով։ Հիշյալ սահմանագիծը պահպանվեց մինչև XIX դ. սկզբները։

Leave a comment