ՀՀ անասնաբուծություն

Հայկական լեռնաշխարհն անասնաբուծության սկզբնավորման կենտրոններից էր. այստեղ դեռևս հնագույն ժամանակներում է մարդն սկսել վարժեցնել ու ընտելացնել վայրի կենդանիներին և օգտագործել իր տնտեսական կարիքների համար։ Հանրապետության լեռնազանգվածներում (հատկապես Վայոց ձորի և Արարատի մարզերում) ներկայումս հանդիպող վայրի ոչխարն ու այծն ընտանի տեսակների նախահայրերն են։

Անասնաբուծությունը Հայաստանում նկատելի զարգացման է հասել I հազարամյակում և հատկապես Ուրարտուի համահայկական թագավորության (8-6-րդ դարեր) ժամանակաշրջանում, Բագրատունիների (9-10-րդ դարեր) օրոք և Կիլիկիայի հայկական պետությունում (11-14-րդ դարեր)։

19-րդ դարում ոլորտի զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո, իսկ ինտենսիվ հիմքերի վրա է դրվել խորհրդային տարիներին։ 1988 թվականին հիմնական անասնապահական մթերքների արտադրությունը կազմել է՝ միս (սպանդային քաշով)՝ 113,2 հազար տոննա, կաթ՝ 569,9 հազար տոննա, ձու՝ 618,1 միլիոն հատ։

ՀՀ անկախացումից հետո ագրարային բարեփոխումների առաջին տարիներին թույլ տրված սխալների պատճառով լրջորեն տուժել է նաև անասնաբուծությունը: 1991-1993 թվականներին սեփականաշնորհվել է ողջ անասնագլխաքանակը։ Ստեղծված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները, չունենալով անհրաժեշտ կերի բազա, ինտենսիվ պահվածքի ու խնամքի, ինչպես նաև արտադրանքի իրացման հնարավորություններ, կրճատել են անասնագլխաքանակը։ 1997 թվականին, 1990 թվականի համեմատությամբ, ածան հավերի և խոզերի գլխաքանակը կրճատվել է 4, ոչխարինը՝ 3 անգամ, տավարինը՝ կիսով չափ։ Ոլորտում կայունություն է նկատվել 1998 թվականից. 2011 թվականին հանրապետությունում կային 571,4 հազար խոշոր եղջերավորներ, 114,8 հազար խոզ, 559,2 հազար ոչխար և այծ, 3462,5 հազար թռչուն:

ՀՀ բուսաբուծություն

2011 թվականին ՀՀ գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում բուսաբուծության տեսակարար կշիռը 61.7% էր, անասնապահությանը՝ 38.3 %: 2011 թվականին հանրապետության ցանքատարածությունը 286.7 հազար հա էր, որից հացահատիկայիններինը՝ 157.8 հգ., կարտոֆիլինը՝ 28.7հազար, բանջարեղենինը՝ 25.0 հազար, բոստանային մշակաբույսերինը՝ 5.8 հազար, կերային մշակաբույսերինը՝ 63,2 հազար հա։ 1990 թվականի համեմատությամբ՝ 2010 թվականին ցանքատարածությունները պակասել են 35,2 %-ով, իսկ հացահատիկային մշակաբույսերինն ավելացել է 15,3 %-ով, կարտոֆիլինը՝ 26,8 %-ով, բանջարաբոստանայինինը՝ 23,3 %-ով։ Մոտ 4 անգամ կրճատվել են կերային մշակաբույսերի ցանքերը։ Հանրապետությունում ցորենի հիմնական ցանքատարածությունները Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում են։ Մշակում են ցորենի աշնանացան Բեզոստայա-1, Կանգուն-20, Սպիտակահատ տեղական, Արմյանկա-60 և այլն, գարնանացան Գալգալոս (Քռիկ), Շիրակի-1 և այլ սորտեր։

Ցորենի առանձին տեսակների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ Հնագիտական պեղումներով հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ Արարատյան դաշտում մշակել են միահատիկ ու փափուկ ցորեններ։ Բացի այդ՝ Վայոց ձորի, Արարատի և այլ մարզերում հայտնաբերվել են վայրի ցորենի բազմաթիվ տեսակներ։

ՀՀ մեքենաշինություն և մետաղամշակում

Մեքենաշինություն և մետաղամշակում։ Մեքենաշինությունը և մետաղամշակումը նախկին ՀԽՍՀ արդյունաբերության առաջատար ճյուղն էր, որին 1987 թվականին բաժին է ընկել արդյունաբերական համախառն արտադրանքի 32,5%-ը ։ Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարիի սկզբին Երևանում գործել են Տեր-Ավետիքյան եղբայրների և Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ. Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Վ. Հեքիմյանի մեխանիկ փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվել է թուջաձուլ-մեխանիկական գործարանի, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների մեխանիկական արհեստանոցները և այլն։ 1920-1928 թվականին մասնավոր արհեստանոցներն ընդգրկվել են արդյունաբերական կոոպերացիայի մեջ։ Վերականգնվել են Երևանի և Գյումրիի մեխանիկական գործարանները, սկսվել է Տեր-Ավեաիքյան եղբայրների անվան հաստոցաշինական, ավտոնորոգման, էլեկտրամեքենաշինարարական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շիևարարությունը։ 1928 թվականին հանրապետության մեքենաշինարարական արտադրանքի ծավալը հասել է 1913 թվականի մակարդակին, իսկ 1940 թվականին 15 անգամ գերազանցել այն։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին հանրապետությունում թողարկվել է հիմնականում ռազմական արտադրանք։ Կառուցվել են Երևանի շարժիչանորոգման, լայն սպառման մետաղե ապրանքների, կաբելի գործարանները, սկզբնավորվել են հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրամեքենաշինությունը և այլ ճյուղեր։ Հետպատերազմյան շրջանում շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի, Վանաձորի «Ավտոգենմաշ», Գյումրիի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական և այլ գործարաններ, ստեղծվել և զարգացել են մեքենաշինության նոր՝ էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական արդյունաբերական ճյուղերը։ 1970-85 թվականին ՀՀ-ում զարգացել են մեքենաշինության համեմատաբար աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու ենթաճյուղերը։

Վառելիքաէներգետիկ համալիր

Վառելիքաէներգետիկ համալիրն այն հիմքն է, որի վրա ներկայումս զարգանում է յուրաքանչյուր երկրի տնտեսությունը: Այն ապահովում է տնտեսության բոլոր ճյուղերի և բնակչության՝ վառելիքի ու էլեկտրաէներգիայի պահանջարկը:

Մեր հանրապետության տարածքում արդյունաբերական նշանակություն ունեցող վառելիքի պաշարներ դեռևս չեն հայտնաբերված, չունենք զարգացմանը նպաստող բնական նախադրյալներ: Շարունակվում են հետազոտական աշխատանքներն այդ բնագավառում, քանի որ, երկրաբանական օրինաչափություններից ելնելով, ենթադրվում է, որ այնուհանդերձ, այստեղ պետք է լինեն հանքային վառելիքի պաշարներ:

Հայաստանի Հանրապետության վառելիքի պահանջը մինչև հիմա հայտնաբերված հանքավայրերից ստացված  հանքանյութերով անհնար է բավարարել:

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են աննշան քանակությամբ ցածրորակ ածխի(գորշ) պաշարներ, որոնք սակայն արդյունաբերական կարևոր նշանակություն չեն կարող ունենալ:

Քարածխի այստեղ հայտնաբերված հանքավայրերից համեմատաբար նշանակալից են Ջերմանիսի (Արարատի տարածաշրջանում), Ջաջուռի (Ախուրյանի տարածաշրջանում), Դիլիջանի և Իջևանի հանքավայրերը:

Մասնավորապես հանրապետության էներգետիկական ճգնաժամի առավել ժամանակաշրջանում՝ 1995 թ., Ջաջուռի հանքավայրում արդյունահանվել է 25 հազար տոննա գորշ ածուխ, որը որպես վառելիք վաճառվել է անհատ քաղաքացիներին, իսկ մի մասն էլ բաշխվել մանկապարտեզներին ու դպրոցներին:

Հանրապետության տարածքում հայտնաբերված վառելիքի պաշարներից համեմատաբար հետաքրքրություն է ներկայացնում տորֆը՝ գրանցված է տորֆի 60 հանքավայր, որոնցից հետախուզված է 16-ը: Տորֆի համեմատաբար նշանակալից հանքավայրեր կան Լոռու մարզում (Տաշիրի, Ստեփանավանի, Գուգարքի տարածաշրջաններում), Գեղարքունիքի մարզում (Վարդենիսի տարածաշրջանում):

Սկսած 1920-ական թվականների սկզբներից տարեցտարի աճող մեծ քանակությամբ նավթամթերք, քարածուխ, իսկ հետագայում նաև բնական այրվող գազ է ներմուծվել դրսից: Մասնավորապես, նավթ ներմուծվել էր Ադրբեջանից և Ռուսաստանից, քարածուխ՝ Ռուսաստանից և Ուկրաինայից, բանական գազ՝ սկզբում Ադրբեջանից ու Իրանից, իսկ հետո Ռուսաստանից , Թուրքմենիայից: Այժմ նավթ, նավթամթերք և բնական գազ հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից:

ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում առաջատարը ջերմային էներգետիկան է: Ջրային և ատոմային էներգետիկաները գրեթե հավասարաչափ են ներկայացված: Սակայն ջրային էներգետիկան միակն է, որ կախված չէ ներմուծվող էներգակիրներից և կարող է աշխատել նույնիսկ տրանսպորտային լիակատար շրջափակման պայմաններում:

Հայաստանում համեմատաբար խոշոր ջրէկ-ներ կասկադի ձևով կառուցվել են Հրազդան և Որոտան գետերի վրա:

Հայաստանում կա 4 տեսակի էլեկտրակայաններ՝

Ջրային-130-ից ավելի կայան (գումարային հզորությունը՝ 1,19մլն կՎտ)

Ջերմային- 3 կայան (գումարային հզորությունը՝ 1,91 մլն կՎտ)

Ատոմային-1 կայան Մեծամորում (հզորությունը՝ 0,82մլն կՎտ)

Հողմային- հզորությունը (հզորությունը 4հազ. կՎտ)

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎՏԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով):

Վառելիքաէներգետիկ սահմանափակ պաշարներ ունեցող ԽՍՀՄ-ի հարավայինշրջաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը իրականացվել է ջերմաֆիկացմանբազայի վրա: Այդ պատճառով, Հայաստանի արդյունաբերական էներգատարկենտրոններում սկսվեց ջերմաէլեկտրակենտրոնների կառուցումը. 1960թ.՝ Երեւանում, 1961թ.՝ Վանաձորում, 1963թ.՝ Հրազդանում: Երեւանի ջէկի (Երջէկ) նախագծմանմանրակրկիտ տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է դեռեւս 1959թ.:  1970 թ.դեկտեմբերին գործարկվել է Որոտանի հէկ-երի համակարգի առաջնեկը՝ Տաթև ՀԷԿ-ը, 1978թ-ին Շամբ, իսկ 1989 թ-ին՝ Սպանդարյան ՀԷԿ-երը:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունն ու տնտեսության այլ ճյուղերը

Նավթամթերքները մեծ չափերով օգտագործվում են էներգետիկ տնտեսության մեջ (մազութը), տրանսպորտի ճյուղերում (բենզին և դիզելային վառելիք), մեքենաշինության տարբեր բնագավառներում (քսայուղեր):

Բնական գազը հիմնականում օգտագործվում է էլեկտրաէներգետիկ տնտեսության մեջ և կենցաղում:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման հեռանկարը

Ներկայումս էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը բավարարվում է լիովին: Զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա մեր հանրապետությունը բարձր հաղորդման էլեկտրալարման գծորեվ մատակարարում է Իրանին, Վրաստանին և ԼՂՀ-ին:

Ապագայում ևս Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկան հիմնվելու է ատոմային, ջերմային (գազով աշխատող) և ջրէկ-ների վրա:

Նախատեսվում է մոտակա ժամանակաշրջանում բնական գազ ներմուծել նաև Իրանից: Արդեն սկսված է Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը:

Մեջամորի գործող աէկ-ը, որն աշխատում է հնացած սխեմայով և վտանգավոր է, նախատեսվում է փակել և կառուցել նոր, կատարելագործված և ավելի հզոր ատոմակայան: Նախատեսվում է առաջիկայում կառուցել Մեղրու (Արաքս գետի վրա,Իրանի հետ համատեղ) և Շնողի ջրէկները:

Ծավալուն աշխատանքներ են տարվում փոքր գետերի էներգառեսուրսների և այսպես կոչված ոչ ավանդական էներգետիկ աղբյուրների (արևի, քամու, Երկրի ընդերքի) օգտագործման ուղղությամբ: Արդեն գործում են քամու (Պուշկինի լեռնանցք) և արևի էներգիայով աշխատող առաջին փոքր հզորության էլեկտրակայանները:

Պաշարաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ  Հայաստանում քամու էներգիայի օգտագործումն ունի մեծ  հեռանկար և Հայաստանն ունի հողմաէներգետիկայի բավականին զգալի պաշարներ, որոնց տնտեսապես հիմնավորված պոտենցիալը գնահատվում է մոտ 1.26մլրդ. կվտժ:

Ելնելով ապագայում կատարվող վերոնշյալ քայլերից կարելի է ասել, որ Հայաստանում վառելիքաէներգետիկայի հեռանկարը բավականին լավ վիճակում է լինելու:

Քանի որ մենք չունենք շատ հանքային ռեսուրսներ, իմ կարծիքով Հայաստանում շատ պետք է օգտագործվեն բնական էներգիայի աղբյուրները՝ արևը, քամին: Օգտագործելով էներգիայի այդ աղբյուները բնությանը վնաս չի հասցվի, բացի այդ դրանք անսպառ են: Նոր տեխնոլոգիաները օգտագործվելով պետք է բարձրացնել դրանց արդյունավետությունը:

ՀՀ օգտակար հանածոներ

Մետաղային օգտակար հանածոներ

Հայաստանում հայտնաբերվել են 30 տարբեր մետաղների ավելի քան 900 հանքավայրեր և երևակումներ: Մետաղների բոլոր հիմնական խմբերը` գունավոր, սև, ազնիվ մետաղները և հազվագյուտ ու ազնիվ տարրերը ունեն տարբեր տնտեսական արժեք:

Գունավոր մետաղներ

Գունավոր մետաղներից Հայաստանը հարուստ է հատկապես` պղնձի, կապարի, ցինկի, և ալյումինի հումքի պաշարներով։

Պղինձ

Հանրապետության տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակության տեսակետից առաջին տեղը պատկանում է պղնձին: Երկրաբանական տվյալների համաձայն այն առաջինն է նաև իր տարածվածությամբ: Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 %-ը կենտրոնացված են Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում: Արդյունաբերական նշանակություն ունեցող պղնձի պաշարներով հաջորդ տեղը պատկանում է Հայաստանի հյուսիսային հատվածին: Այստեղ հատկապես նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը: Վերջերս պղնձամոլիբդենային խոշոր հանքավայր է հայտնաբերվել Թեղուտ գյուղի մոտ: Այս հանքավայրում պղնձի և մոլիբդենի պաշարները գնահատվում են 500 մլն տ: Հանքավայրերում պղնձի պարունկությունը կազմում է 1.5-5 %, իսկ Կապանի հանքավայրի որոշ հատվածներում այն հասնում է 10-14 %-ի:

Կիրառությունը

Պղինձը հեշտ մշակվող, բայց շատ երկարադիմացկուն մետաղ է, այդ պատճառով այն օգտագործվում է մեքենաշինության բոլոր բնագավառներում: Դրանցից արտադրվում է մեքենաների դետալներ, մասեր, խողովակներ: Գունավոր այդ մետաղից արտադրվում է նաև էլեկտրահաղորդիչ լարերի մեծ մասը, հատկապես բարձրավոլտ էլետրահաղորդիչ լարերը (որոնցով էլետրաէներգիան մղվում է մեծ հեռավորությունների վրա) հիմնականում արտադրվում են պղնձից: Դրանք ալյումինի լարերի համեմատությամբ ավելի երկարադիմացկուն են: Պղնձից են արտադրվում նաև կենցաղային նշանակություն ունեցող շատ արտադրատեսակներ: Պղնձի ձուլման գործընթացում անջատվում են ծծմբային գազեր, ոոնք հումք են հանդիսանում ծծմբաթթվի արտադրության համար, որն օգտագործվում է տնտեսության տարբեր բնագավառներում: Իսկ պղնձաձուլության թափոներն օգտագործվում են մի այլ քիմիկատի` պղնձաջասպի արտադրության համար, որն լայնորեն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, որպես պարարտանյութ:

Մոլիբդեն

ՀՀ տարածքում հայտնաբերված գունավոր մետաղների շարքում գործնական նշանակության տեսակետից շատ կարևոր է մոլիբդենի դերը: Հատկանշական է այն, որ մոլիբդենի համաշխարհային պաշարների 7-9 %-ը գտնվում է միայն Սյունիքի մարզում: Այն հանդես է գալիս պղնձի հետ միասին: Հանրապետությունում առկա մոլիբդենի տասնյակ հանքավայրերից ու երևակումներից գործնական նշանակություն ունեն հատկապես Քաջարանի ու Ագարակի հանքավայրերը: Քաջարանի հանքավայրի հանքանյութի մեջ մոլիբդենի պարունակությունը կազմում է 0.1 – 0.2 %: Հանրապետությունում հայտնաբերվել են նաև մի շարք այլ հանքավայրեր, որոնցից հետագայում նշանակալից դեր կարող են խաղալ Դաստակերտի, Շիկահողի, Թեղուտի, Հանքավանի և Լիճքի հանքավայրերը:

Կիրառությունը

Մոլիբդենն ունի տնտեսական մեծ նշանակություն: Այն առաջին հերթին հանդիսանում է որպես լեգիրող մետաղ: Մոլիբդենն օգտագործվում է հատկապես պողպատի արտադրության մեջ: Այն բարձրացնում է պողպատի որակը (բարձրացնում է նրա դիմացկունությունը, կռելիության աստիճանը): Այն ավելի հաճախ օգտագործվում է հատուկ նշանակություն ունեցող պողպատ արտադրելու համար: Այդ պատճառով էլ մոլիբդենի նշանակությունը հատկապես մեծ է մետաղահատ հաստոցաշինության, ռազմական և տիեզերական մեքենաշինության բնագավառներում: Մոլիբդենն խոշոր նշանակություն ունի նաև էլետրատեխնիկական արդյունաբերության մեջ, նրանից արտադրված մոլիբդենի թելը օգտագործվում է էլեկտրալամպերի արտադրության համար:

Բազմամետաղներ (կապար, ցինկ)

Հանրապետությունում արդյունաբերական նշանակություն ուեն բազմամետաղային` կապարա-ցինկային հանքավայրերը: Վերջիններս գտնվում են Սյունիքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերի տարածքներում: Երկրաբանների գնահատմամբ հանրապետությունում հայտնաբերված բազմամետաղային մի քանի տասնյակ հանքավայրերից արդյունաբերական նշանակություն ունեն Ախթալայի, Կապանի, Ղազմայի (Վայոց ձորի մարզ) հանքավայրերը: Այս հանքավայրերից գործնական նշանակություն ունի Ախթալայի բազմամետաղային հանքավայրը, որտեղ կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա:

Կիրառությունը

Բազմամետաղները, այդ թվում ցինկն ու կապարը, լայն կիրառություն ունեցող գունավոր մետաղներ են, որոնց նշանակությունը հատկապես մեծ է ճշգրիտ մեքենաշինության, էլետրատեխնիկական արդյունաբերության և այլ բնագավառներում:

Նեֆելինային սիենիտ (ալյումինի հումք)

Ալյումնի արտադրության համար խոշոր հունքային բազա է հանդիսանում հանրապետությունում առկա նեֆելինային սիենիտների պաշարները: Այս առումով, մեծ հետաքրքրություն են ներկայացնում Թեժ լեռան մոտ առկա նեֆելինային սիենիտների խոշոր պաշարները, որոնց հումքի բազայի վրա մշակվել է ալյումինի արտադրության տեխնոլոգիա: Նեֆելինային սիենիտների պաշարներ կան նաև Շվանիձոր գյուղի մոտ (Սյունիքի մարզ):

Կիրառությունը

Ալյումինը, որպես թեթև մետաղ, շատ խոշոր նշանակություն ունի ինքնաթիռաշինության, ռազմական արդյունաբերության և շատ այլ բնագավառներում:

Դոլոմիտ (մագնեզիումի հումք)

Հանրապետությունում մետաղային մագնեզիումի համար հումքային բազա կարող է հանդիսանալ դոլոմիտների խոշոր պաշարները: Այս տեսակետից գործնական նշանակություն կարող են ունենալ Արզականի (Կոտայքի մարզ) և Լուսաձորի (Տավուշի մարզ) դոլոմիտների հանքավայրերը: Բացի նշվածներից, մագնեզիտի հանքավայրեր և երևակումներ հայտնաբերվել են նաև Գեղարքունիքի մարզում (Շորժայի, Ջիլի և այլն):

Կիրառությունը

Մագնեզիումը լայնորոն օգտագործվում է ինքնաթիռաշինության, ռազմական արդյունաբերության և շատ այլ բնագավառներում:

Սև մետաղներ

ՀՀ տարածքում հայտնաբերվել են սև մետաղների պաշարներ, որոնցից գործնական նշանակություն կարող են ունենալ առաջին հերթին երկաթի հանքաքարի պաշարները:

Երկաթ

Հայտնաբերված երկաթի հանքավայրերը իրենց պաշարներով, հանքային կազմով, շահագործման և տրանսպորտա-աշխարհագրական պայմաններով համարժեք չեն: Արդյունաբերական առավել մեծ արժեք են ներկայացնում Հրազդանի, Կապուտանի և Սվարանցի երկաթի հանքավայրերը:

Կապուտանի հանքավայրը գտնվում է Կոտայքի մարզի Կապուտան գյուղի մոտ, Երևանից մոտ 25 կմ հեռավորության վրա: Այստեղ երկաթի միջին պարունակությունը 28-30 % է կազմում: Այս հանքավայրի հաստատված արդյունաբերական պաշարները կազմում են շուրջ 244 մլն տ, իսկ հեռանկարային պաշարները` 400 մլն տ: Հրազդանի հանքավայրը գտնվում է անմիջապես Հրազդան քաղաքի մոտ, մետաղի միջին պարունակությունը 32 % է, արդյունաբերական պաշարները կազմում են 50 մլն տ, հեռանկարային պաշարները` 150 մլն տ: Այս երկու հանքավայրերն էլ ունեն արդյունահանման համար նպաստավոր լեռնաերկրաբանական և տրանսպորտային պայմաններ: Համեմատաբար խոշոր են Սվարանցի հանքավայրի պաշարները: Այն գտնվում է Սյունիքի մարզում: Այս հանքավայրում երկաթի պարունակությունը կազմում է 21 %, իսկ կանխատեսված պաշարները գնահատվում են շուրջ 1 մլրդ տ: Հանքավայրի շահագործման տրանսպորտային, բնակլիմայական պայմանները այնքան էլ բարենպաստ չեն: Կապուտանի ու Սվարանցի հանքավայրերի երկաթի հանքաքարը բարձր որակի է և կարող է օգտագործվել բարձրորակ պողպատի արտադրության համար: Հանրապետության տարածքում երկաթի հանքաքարի պաշարներ հայտնաբերված են նաև Սյունիքի մարզի հարավային մասում, Բազումի լեռնալանջերին, Նոյեմբերյանի մոտ և այլ վայրերում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են երկաթի հանքաքարի կանխատեսված պաշարները կազմում են 3.8 մլրդ տ:

Կիրառությունը

Երկաթի հանքաքարի բազայի վրա է հիմնվում սև մետաղաձուլությունը: Այն հանդիսանում է պողպատի արտադրության հիմքը:

Ազնիվ մետաղներ

Հանրապետության տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն այստեղ հայտնաբերված ազնիվ մետաղների պաշարները:

Ոսկի

Ազնիվ մետաղներից ՀՀ-ում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարները։ Հանրապետության տարածքի ընդերքում ոսկին ի հայտ է գալիս տարբեև ձևերով: Այն առկա է գունավոր մետաղների կոմպլեքսային հանքավայրերում, բազմամետաղների, պղնձի, մոլիբդենի հետ: Սակայն նրա հիմնական պաշարները գտնվում են զուտ ոսկու հանքավայրերում: Այդպիսի հանքավայրերի թիվը այստեղ անցնում է մեկ տասնյակից, որոնք հիմնականում գտնվում են Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում: Ոսկու հանքավայրերից այժմ գործնական մեծ նշանակություն ունեն Սոթքի (Գեղարքունիքի մարզ) և Մեղրաձորի (Կոտայքի մարզ) հանքավայրերը, որտեղ կատարվում է արդյունահանման աշխատանքներ: Վերջերս շահագործման են հանձնվել նաև Լիճքվազ-թեյի և Տերտերասարի ոսկու հանքավայրերը: Ընդ որում, պարզված է, որ Լիճքվազ-Թեյի հանքավայրում կա մաքուր ոսկու 17 տ, իսկ Տերտերասարի հանքավայրում` 3 տ պաշար:

Հազվագյուտ ու ազնիվ տարրեր

Հայաստանի Հանրապետության տարածքում կան տիտանի, նիկելի, վոլֆրամի, ծարիրի (սուրմա), սնդիկի, բիսմութի և այլ հազվագյուտ տարրերի պաշարներ: Սրանք կարող են հանդիպել (Քաջարանի, Ագարակի, Դաստակերտի, Թեղուտի) և այլ կոմպլեքսային հանքավայրերում: Տիտանի պաշարներ հայտնաբերվել են պղնձամոլիբդենային հանքավայրերում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի մարզերում, նիկելի և կոբալտի պաշարներ` Գեղարքունիքի (Սոթքի հանքավայր) և Շիրակի (Ամասիայի հանքավայր) մարզերում, վոլֆրամի պաշարներ կան Լոռու (Գուգարքի երևակում), Կոտայքի (Հանքավանի հանքավայր) մարզերում, ծարիրի պաշարներ կան Գեղարքունիքի (Սոթքի հանքավայր), Վայոց ձորի (Ազատեկի, Հերհերի հանքավայրեր), Շիրակի (Ամասիայի հանքավայր) մարզերի տարածքում, վոլֆրամի պաշարներ կան Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, բիսմութի պաշարներ են հայտնաբերվել Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, մկնդեղի պաշարներ` Շիրակի (Ամասիայի հանքավայր), Սյունիքի, Լոռու մարզերում:

Կիրառությունը

Այս տարրերը հեռանկարային մեծ նշանակություն կարող են ունենալ հատկապես ճշգրիտ մեքենաշինության մեջ:

Ոչ մետաղային օգտակար հանածոներ

Ոչ մետաղական օգտակար հանածոներից հանրապետության ընդերքը հարուստ է հատկապես քարանյութերով: Հանրապետության տարածքը գրեթե ամբողջությամբ ծածկված է հրաբխային քարանյութերի համատարած շերտով: 1920-ական թվականներից մինչև 1980-ական թվականների վերջերը հանրապետության տարածքում հայտնաբերվել են տարբեր տեսակի քարանյութերի ավելի քան 700 հանքավայրեր: Գործնական նշանակության տեսակետից Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված քարանյութերից ներկայումս առավել կարևորները ` տուֆերը, բազալտները, անդեզիտները, պեմզան, պեռլիտները, հրաբխային խարամները, մարմարները, գրանիտները, կրաքարերը, բենտոնիտները, հրակայուն կավերն են:

Տուֆ

Տուֆերը ծակոտկեն թեթև քարատեսակներ են, որոնք առաջացել են հրաբխային ժայթքումների արգասիքներից: Հանրապետությունում տուֆերի հանքավայրերի գերակշիռ մասը գտնվում է անմիջապես երկաթուղուն մոտ կամ նրանից 20 կմ հեռավորության վրա: Այս հանգամանքը բարձրացնում է տուֆաքարի օգտագործման տնտեսական նշանակությունը: Այստեղ հայտնաբերված են տուֆաքարի ավելի քան 110 հանքավայրեր, որոնց երկրաբանական պաշարները գնահատվում են 2.5 միլիարդ խորանարդ մետր:

Ըստ որոշակի հատկանիշների Հայաստանում տուֆերը բաժանվում են հինգ հիմնական տիպերի` Արթիկի, երևանյան, անիական, Բյուրականի և ֆելզիտային:

Արթիկի տիպի տուֆերը, որոնցով հայտնի են Արթիկի, Տուֆաշենի, Զառինջ-Ձիթևանքի, Կաթնաղբյուրի, Մարալիկի, Մաստարա-Սառնաղբյուրի հանքավայրերը, լինում են տարբեր գույների` վարդագույն, կարմրավուն, մանուշակագույն, սև, մոխրագույն:

Անիական տիպի տուֆեր կան Անիպեմզայի, Հայկաձորի և Խարկովի հանքավայրերում: Դրանք լինում են դեղին, բաց կարմրավուն, մուգ կարմիր, մուգ վարդագույն և նարնջագույն:

Երևանյան տիպի տուֆերը, որոնցից կան Անիի, Ալագյազի, Ապարանի, Երնջատափի, Վահրամաբերդի, Ջաջուռի, Մայիսյանի, Մարմարաշենի, Հայկավանի, Կապսի, Խաչքարի, Արաքսի, Լուկաշենի, Մրգաշատի, Հոկտեմբերյանի, Կարմրաշենի, Կաթնաղբյուրի, Մաստարայի, Թալինի, Արագյուղի, Եղվարդի, Օհանավանի, Լեռնապարի, Արամուսի, Առինջի, Գառնիի, Գեղարդի, Ջրվեժի, Ձորաղբյուրի, Արգավանդի, Բաղրամյանի և այլ հանքավայրերում, ունեն կարմիր, վառ կարմիր, մոխրագույն, սև, գորշ, մուգ գորշ, վարդագույն, գորշ մանուշակագույն գույներ զանազան երանգներով:

Բյուրականի տիպի տուֆերով հայտնի են Ագարակի, Աշտարակի, Բյուրականի, Կոշ-Ուջանի, Թալիշ-Շամիրամի, Փարպիի, Օշականի, Աղավնատան հանքավայրերը, որոնք ունեն սև բծերով կարմիր, վարդագույն, սև բծերով, գորշ սև և այլ գույներ:

Ֆելզիտային տիպի տուֆերով հայտնի են Մեծավանի, Դեբեդի, Նորադուզի, Ծովագյուղի, Մարտիրոսի, Գետափի, Այգեձորի, Կարմիրաղբյուրի հանքավայրերը: Ֆելզիտային տուֆերն ունեն կարմրավուն, վարդագույն կարմիր, կապտավուն, սպիտակ, բաց երկնագույն, կաթնագույն և այլ գույներ:

Կիրառությունը

Տուֆաքարերը ձայնի ու ջերմության վատ հաղորդիչ են: Տուֆերի կարևոր առանձնահատկություն է նաև նրա երկարակեցությունը: Այլ տեսակի որմնանյութերի համեմատ տուֆերը ավելի ծակոտկեն են և թեթև: Բացի արժեքավոր որմնանյութ լինելուց, տուֆերն օգտագործվում են նաև թեթև լցանյութեր (Խիճ, ավազ) արտադրելու համար, դրանք նաև օգտագործվում են որպես ֆիլտրող նյութեր, մանրացված տուֆը կարելի է օգտագործել հողի բերքատվությունը բարձրացնելու համար (մանրացված տուֆը հողի հետ խառնվելով` դրանք անձրևների ժամանակ կլանում են խոնավությունը և հետո դանդաղ հաղորդոււմ է հողին):

Բազալտ

Հայաստանի Հանրապետությունում գործնականում շատ խոշոր դեր են խաղում բազալտներն ու դրա խմբին պատկանող մյուս ապարները (անդեզիտները և անդեզիտաբազալտները): Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջացել են արտավիժած բազմատեսակ ապարներ` բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ: Հայաստանում հրաբխային բոլոր տեսակի ապարներից ամենից լայն տարածում ունեն բազալտներն ու դրանց տարատեսակները: Նրանց պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում: ՀՀ տարածքում հայտնաբերված բազալտի երկրաբանական պաշարները գնահատվում են 125 մլրդ մ³:

Կիրառությունը

Տուֆաքարի համեմատությամբ բազալտները ավելի ամուր են, դիմացկուն, կարծր, թթվակայուն, համեմատաբար դժվար մշակվող: Այն ունի նաև ջերմամեկուսիչ բարձր հատկանիշներ: Բազալտները անհիշելի ժամանակներից օգտագործվել են Հայաստանում բնակավայրերի, եկեղեցիների կառուցման համար: Երևանի և հանրապետության մյուս բոլոր քաղաքների տուֆակերտ բոլոր շենքերի հիմքերն ու ստորին հարկերը, կառուցված են սրբատաշ և դրվագված բազալտաքարերով: Բազալտները Հայաստանում կիրառվում են նաև կամուրջների, ջրատեխնիկական և այլ բարդ կառույցներում: Այն լայն կիրառություն ունի նաև քանդակագործության և հուշարձանների կառուցման գործում, ինչպես նաև փողոցների, հատկապես մայթերի ձևավորման, շենքերի աստիճանների կառուցման համար: Բազալտը մանրացված վիճակում, որպես խիճ, լայնորեն օգտագործվում է բարձրորակ բետոնի արտադրության համար:

Մարմար

Հանրապետության բնական քարանյութերի շարքում առանձնահատուկ կարևոր տեղ ունեն մարմարները: ՀՀ տարածքում հայտնաբերված են մարմարի ու մարմարեցված կրաքարի 28 հանքավայր: Ուսումնասիրված հանքավայրերի պաշարները կազմում են ավելի քան 21 մլն մ³, որից արդյունաբերական կարգի` 17 մլն մ³: Հայտնի են Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի մարզերը: Այժմ եղած մարմարի հանքավայրերից շահագործվում են Արարատի, Իջևանի ու Ենոքավանի, Աղվերանի հանքավայրերը:

Յուրահատուկ է Խոր Վիրապի հանքավայրի մարմարը, այն ունի սև գույն` սպիտակ, դեղին երանգներով: Մեծ նշանակություն է ունեցել Մարմարաշենի օնիքսանման մարմարիհանքավայրը: Այն ուի սպիտակավուն, ոսկյա դեղին, կանաչավուն և այլ տարբեր երանգներ: Այժմ գործնական նշանակություն ունի Արտավազդի օնիքսանման մարմարի հանքավայրը, որի արդյունաբերական պաշարները կազմում են 500 հազար մ³: ներկայումս արդյունաբերական խոշոր նշանակություն ունի Իջևանի մարմարի հանքավայրը: Այս և մյուս հանքավայրերից արդյունահանված մարմարը մշակվում է Նուռնուսի քարամշակման և Երևանի «Հայմարմար» գործարաններում:

Կիրառությունը

Մարմարներն իրենց դեկորատիվ և ֆիզիկամեխանիկական հատկությունների շնորհիվ համարվում են բարձրորակ դեկորատիվ նյութ շենքերի ոչ միայն արտաքին ձևավորման, այլև ներքին հարդարման համար: Հայկական գունավոր մարմարները ոչ միայն բարձրորակ հումք են շինարարության տարբեր բնագավառներում օգտագործվող երեսպատման սալեր արտադրելու համար, այլև այն օգտագործվում է քանդակագործության մեջ, ինչպես նաև լայն սպառման առարկաների, զարդերի արտադրության համար:

Գրանիտ

Հայաստանը հարուստ է նաև գրանիտի պաշարներով: Դրանց առավել խոշոր պաշարները գտնվում են Տավուշի, Սյունիքի և Կոտայքի մարզերում: Հանրապետության տարածքում հայտնաբերված գրանիտի խմբի ապարների հանքավայրերի թիվը հասնում է 50-ի: Գրանիտի հետախուզված պաշարները կազմում են ավելի քան 30 մլն մ³:

Հրաբխային խարամ

Հրաբխային խարամները բնական թեթև, ծակոտկեն ապարներ են, որոնք հրաբխային ժայթքումների արդյունք են, ունեն կարմիր, սև գույներ` իրենց բազմաթիվ երանգներով: Հանրապետության տարածքում հայտնաբերված և հետազոտված են հրաբխային խարամների 30-ից ավելի հանքավայրեր: Դրա պաշարներով առավել հարուստ են Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերը: Հանրապետության հրաբխային խարամի շահագործվող խոշորագույն հանքավայրը Կարմրաշենի հանքավայրն է, որի պաշարները կազմում են շուրջ 53 մլն մ³: Նշանավոր են նաև Քարահունջի, Շինուհայրի, Գավառի, Լճաշենի, Պեմզաշենի ու այլ հանքավայրեր:

Կիրառությունը

Հրաբխային խարամները բարձր որակի թեթև լցանյութեր են, որոնց բազայի վրա արտադրվում է թեթև և ֆիզիկամեխանիկական բարձր հատկություններ ունեցող բետոն, այն օգտագործվում է նաև որպես զտող նյութ, ձայնամեկուսիչ իրեր և շատ այլ արտադրանք թողարկելու համար:

Պեմզա

Պեմզան հրաբխային ժայթքման արդյուն է: Բնական վիճակում այն լինում է մանր ավազի և ավելի խոշոր կտորների ձևով: Հանրապետության տարածքում կա պեմզային 70 հանքավայր, որոնցից առավել խոշորները գտնվում են Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում: Գործնական նշանակության տեսակետից առավել կարևոր են ԱՆԻԻ և Պեմզաշենի հանքավայրերը: Այս հանքավայրերի պեմզան առավել թեթև ու ծակոտկեն է և պատկանում է «Անիի տիպին»:

Կիրառությունը

Պեմզան օգտագործվում է թեթև միջնորմային սալիկներ ու բլոկներ արտադրելու համար, բացի դրանից հանդիսանում է որպես բարձրորակ զտող, մաքրող նյութ և հղկանյութ:

Պեռլիտ

Պեռլիտները ունեն հրաբխային ծագում, կազմված են այսպես կոչված հրաբխային ապակուց: Պեռլիտը հանդես է գալիս ավազի ու խճի տեսքով։ Պեռլիտների պաշարներով ու որակով Հայաստանի Հանրապետությունը աշխարհում եզակի տեղ է գրավում: Այստեղ հայտնաբերված են պեռլիտի տասնյակ հանքավայրեր, որոնք հիմնականում գտնվում են Աբովյան-Հրազդան հանգույցում ու Արագածի լեռնալանջին: Առավել հայտնին Արագածի հանքավայրն է:

Կիրառությունը

Համեմատաբար ոչ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ պեռլիտները փափկում են, իսկ դրանց մեջ բնականորեն պարունակվող աննշան ջուրը վերածվում է գոլորշու, որի ներքին ճնշման ազզդեցությամբ փքված պեռլիտի ծավալային կշիռը մեծ չափով իջնում է: Դա հնարավորություն է տալիս պեռլիտից արտադրելու գերթեթև երկաթբետոնե ու շինարարական այլ իրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն հատկապես սեյսմիկ գոտիներում բարձրահարկ շենքերի կառուցման համար: Բացի շինանյութերից, պեռլիտներից կարելի է ստանալ հարյուրից ավելի արտադրատեսակներ, այդ թվում` զտող նյութեր, ապակու բոլոր տեսակները, ապակե պլաստիկա և այլն:

Բենտոնիտ, դիատոմիտ

ՀՀ տարածքում հայտնաբերված են բենտոնիտների ու դիատոմիտների խոշոր պաշարներ: Բենտոնիտների առավել խոշոր պաշարներ կան Իջևանից ոչ հեռու գտնվող Սարիգյուղի մոտ: ՀՀ տարածքում կան բենտոնիտների 55 հանքավայր ու երևակում, իսկ արդյունաբերական պաշարները շուրջ 63 մլն տ է:

Դիատոմիտային կավերի խոշոր պաշարներ կան Արտաշատում ու Սիսիանում:

Կիրառությունը

Բենտոնիտային և դիատոմիտային կավերը մեծ պահանջարկ ունեն նավթարդյունաբերության և երկրաբանության մեջ, ինչպես նաև օգտագործվում են որպես մաքրող նյութ:

Քարաղ

Գործնական նշանակության տեսակետից մեծ հետաքրքրություն են ներկայացնում այստեղ գտնվող քարաղի խոշոր պաշարները: Առավել հայտնին Երևանի ու նրա շրջակայքում գտնվող բարձրորակ կերակրի աղի պաշարներն են: Այդպիսի հումքի խոշոր պաշարներ կան նաև Արարատյան դաշտի արևմտյան հատվածում` Հոկտեմբերյանի շրջակայքում: Հանրապետությունում հայտնաբերված քարաղի կանխատեսված պաշարները գնահատվում են 300-320 մլրդ տոննա:

Կիրառությունը

Քարաղը ոչ միայն բարձր որակական հատկանիշներ ունի որպես խոհանոցային աղ, այլև սննդի արդյունաբերության բոլոր բնագավառներում ու քիմիական արդյունաբերության մեջ օգտագործելու համար:

Հանքային ջրեր

Հայկական լեռնաշխարհը հռչակված է իր բազմաթիվ սառը և տաք հանքային ջրերով, որոնցից վերջինները մեծ մասամբ հայտնի էին ջերմուկ անունով։ Հնում նշանավոր էին Էլեգիայի (Եղեգի),Վարշակի, Վայոց ձորի ջերմուկները և այլն։ Մեր հանրապետության տարածքում մեծ հռչակ ունեն Ջերմուկի, Դիլիջանի, Արզնիի, Բջնիի և այլ հանքային աղբյուրները, որտեղ գործում են առողջարաններ։

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։

Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1 500 – 1 800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 – 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ)։

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունները , որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ադրբեջանի Հանրապետությունում տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից Գարդմանը և Գողթանը (Նախիջևան), Վրաստանի Հանրապետությունում՝ Ջավախքը: Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։

ՀՀ քաղաքների ցանկ

Այս ցանկում Հայաստանի քաղաքները դասավորված են այբբենական կարգով

Հայաստանի Հանրապետության քաղաքների ցանկ Հայաստանի Հանրապետության երեք խողշոր քաղաքներն են՝ Երևան, Գյումրի և Վանաձոր, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է 1,273,200 մարդ։ Հայաստանի բնակչության մեծամասնությունը 64,3 % ապրում են քաղաքային բնակավայրերում։

Ըստ 2015 թվականի հուլիսի 1-ի՝ 2011 թ. մարդահամարի հիմքով կատարված հաշվառման Հայաստանի 20 ամենխոշոր քաղաքներն են, Երևան (1,071,800), Գյումրի (118,600), Վանաձոր (82,800), Վաղարշապատ (46,800), Աբովյան (44,400), Կապան (42,700), Հրազդան (41,600), Արմավիր (29,000), Դիլիջան (23,700), Արտաշատ (21,300), Իջևան (20,700), Սևան (20,600), Չարենցավան (20,500), Մասիս (20,500), Արարատ (20,400), Գորիս (20,300), Գավառ (19,900), Աշտարակ (19,100), Արթիկ (18,900), Սիսիան (14,900) մարդ:

ՀՀ բնակչություն

Արևելյան Հայաստանի հյուսիսային մասերը Ռուսական կայսրության կազմում հայտնվեցին չորս փուլով՝ 1801-1878 թթ․։Արևելյան Հայաստանի հարավային մասերը մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են։ 1828-ին, երբ Արևելյան Հայաստանի Երևանի և Նախիջևանի խանությունները միացել են Ռուսաստանին, կազմելով Հայկական մարզը, այն ունեցել է ընդամենը 161 հազար բնակիչ։ 1828-1829 թթ. Արևելյան Հայաստանի հարավային մասերից, որոնք մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են, Ատրպատականի հայկական բնակավայրերից և Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայ է տեղափոխվել Հայկական մարզ և Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմում գտնվող հյուսիսային մասերլ հարակից շրջաններ:Արևելյան Հայաստանի Երևանի նահանգում 1-ին մարդահամարն անցկացվել է համառուսաստանյան 1-ին մարդահամարի շրջանակներում՝ 1897-ին, ըստ որի՝ այդ նահանգի բնակչության ընդհանուր թիվը եղել է 798 հազար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին (1913) Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի բնակչությունը եղել է 1 մլն։ 1918-ին Արևմտյան Հայաստանից և Այսրկովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստանի Երևանի նահանգ և մայիսին այդտեղ կազմավորված Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել մոտ 302 հազար հայ։

ՀՀ լանդշաֆտային գոտիները

Վերընթաց լանդշաֆտային գոտիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի Հանրապետության տարածքում լանդշաֆտային գոտիները միմյանց հերթափոխում են ուղղահայաց ուղղությամբ, քանի որ մեր մոտ ռելիեֆը լեռնային է. կլիմայական գոտիների հերթափոխը լեռներում կոչվում է վերընթաց գոտիականություն։ Հանրապետությունում հերթափոխվում են հետևյալ՝ թվով հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները՝

անապատակիսաանապատային
լեռնատափաստանային
լեռնանտառային
մերձալպյ-ալպյան
ձյունամերձ
Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին հանրապետությունում գոյացել է գոգավոր, տափարակ ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի ներգործության պայմաններում։ Այս գոտին հիմնականում տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում։ Անապատակիսաանապատային լանդշաֆտները հիմնականում տարածված են կղզյակներով։ Որպես այդպիսին առանձին համատարած գոտի չեն առաջացնում։ Այստեղ տարածված են աղուտները:

Արարատյան դաշտի կուլտուր-ոռոգելի հողերը
Կիսաանապատային լանդշաֆտներն համեմատաբար ընդարձակ գոտի են կազմում երկրի նախալեռնային շրջաններում՝ 800-1400 մետր բարձրություններում։ Այստեղ տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 230-300 մմ։ Գլխավոր հողատիպը լեռնային գորշ հողատիպերն են, որոնք իրենցից «ղռեր» են ներկայացնում։ Մշակվող տարածքներում հողերը ենթարկվել են բարելավման՝ քարամաքրում, աղազերծում, քիմիացում, դրենաժավորում, արհեստական ոռոգում և դարձել են կուլտուր-ոռոգելի։ Տեղումների ժամանակահատվածում, որը հիմնականում գարնանն է լինում, կիսաանապատերը ծածկվում են էֆեմեր (կարճակյաց) բուսականությամբ։ Սրանք արագ չորանում են տաք օրերի և ամռան գալուն պես։ Այս գոտում ամենաբնորոշ բույսերից են օշանը, օշինդրը, աղածաղիկը, աղահասկիկը, ֆրիգանոիդ՝ (լեռնաչորասեր) բուսականությունից՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ։ Կենդանիներից բնորոշ տեսակներից են սողունները՝ իժ, հայկական գյուրզա, լորտու: Միջատներից տարածված են կարիճներն ու մորմերը: Գոտում տարածված թռչուններից են արագիլը, բազեներից՝

Չորասեր բուսականություն
օձակեր բազեն, լորը, մեղվակերը, հոպոպը, ճնճղուկը: Կենդանիներից բնորոշ են աքիսը, համստերը, դաշտամկները, իսկ շամբուտներում՝ վարազը և եղեգնակատուն։ Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության ամբողջ տարածքը ավելի քան 10%-ը։ Սա համարվում է ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական ու գլխավոր շրջանը:

Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածում ունեցողներն են համարվում։ Այս գոտում առանձնացվում են երկու լանդշաֆտային ենթագոտիներ` չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային։

Տափաստանային բուսականություն
Չոր լեռնատափաստանային ենթագոտին տարածվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռնայի շրջաններում։ Հասնում է մինչև 1800 մետր բարձրությունները։ Կլիման այստեղ տաք է և չորային։ Ի տարբերություն անապատակիսաանապատային գոտու, այստեղ տեղումները համեմատաբար քիչ ավելին են՝ 300-400 մմ։ Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելքի և Զանգեզուրի նախալեռներում հետանտառային լանդշաֆտներ են, որոնք առաջացել են մարդու երկարամյա գործունեության հետևանքով։ Կլիման մերձարևադարձային է՝ չափավոր տաք ու մեղմ ձմեռներով։ Չոր լեռնատափաստանային ենթագոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 15%-ը։ Այս ենթագոտին Զանգեզուրում և ՀՀ հյուսիս-արևելքում նմաստավոր է մերձարևադարձային բույսերի՝ նուռ, թուզ, խուրմա, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձորում` պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի, բանջարաբոստանային մշակաբույսերի և տեխնիկական բույսերի մշակման համար:

Սևահողային տափաստանների ենթագոտին տարածվում է վերոնշյալ գոտուց ավելի վեր և հասնում է մինչև 2000-2400 մետր բարձրությունները։ Այս գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 25%-ը։ Սևահողային տափաստանները հիմնականում ձևավորվել են լավային սարավանդների և բարձրադիր գոգավորություննեում։ Այս ենթագոտում ամառները տաք են իսկ ձմեռները ցուրտ։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ-ի։ Հումուսի քանակությունունը հողում հասնում է 15 %-ի։ Տարածված բուսականությունը տիպիկ տափաստանային է՝ սիզախոտ, փետրախոտ, շյուղախոտ, դաշտավլուկ, ավելուկներ, եղինջ, սիբեխ և այլն։ Այս գոտու վերին սահմաններին տարածվում են համեմատաբար խոնավ մարգագետնային տափաստանները։ Կենդանական աշխարհը բավականին բազմազան է։ Հիմնականում տարածված են կրծողները և թռչունները, ինչպես նաև շատ են միջատները։ Կրծողներից՝ մկներ, դաշտամկներ, աքիս, ճագար, ճագարամուկ: Թռչուններից՝ բազե, բու, բվեճ, ագռավ, ճնճղուկ, կաչաղակ: Սևահողային տափաստանները ՀՀ-ում հացահատիկի մշակման գլխավոր շրջանն են։ Շիրակի դաշտ, Լոռու դաշտի և Սևանի ավազանի սևահողերում հիմնականում մշակում են աշնանացան ցորեն, գարնանացան գարի, կորեկ, հաճար, վարսակ, աշորա, կարտոֆիլ, կաղամբ, շաքարի ճակնդեղ, ծաղկակաղամբ և այլն։

Անտառային գոտի Լաստիվերում
Լեռնանտառային լանդշաֆտները հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ (հյուսիսային) լանջերը։ Սրանք զբաղեցնում են ՀՀ տարածքի 10%-ը։ Հյուսիսարևելյան շրջաններում, որտեղ առավել խոնավ է, անտառի վերին սահմանը հասնում է մինչև 2000 մետր բարձրությունները, իսկ հարավ-արևելքում` Զանգեզուրի հատվածում՝ մինչև 2400 մետր բարձրությունները։ Լեռնանտառային գոտում կլիման համեմատաբար մեղմ է։ Այստեղ ձմեռները չափավոր ցուրտ են, սակայն ձնառատ, գարունը զով է ու խոնավ, տեղումնառատ, ամառը տաք է, արևոտ եղանակներով, աշունը` մեղմ է։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ։ Տարածված են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը։ Բույսերից հիմնականում տարածված են լայնատերև և փշատերև տեսակները։ Անտառներում հանդիպում են բոխի, թխկի, սոսի, կաղնի, հաճարենի, հոնի ծառ, կեչի, սզնի, վայրի տանձ, ընկուզենի, նշենի, եղևնի, եղևին, սոճի: Կենդանիներից՝ սկյուռ, անտառային վարազ, գորշ արջ, փայտփոր, արծիվ, բազե և այլն։

Ծաղիկների գորգ՝ Շիրակ
Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները հանրապետության տարածքում հյուսիսային գոտում սկսվում են 1900-2000 մետր, իսկ հարավային գոտում՝ 2400 մետր բարձրություններում։ Սրանք ձևավորվել են հիմնականում ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում։ Այս գոտում տարվա կեսը ձմեռը է, տևական ու սառնամանիքային, ձնառատ։ Ամառները կարճ են ու զով։ Բավականին բարձր է արեգակնային ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։ Տարածված են հիմնականում ծաղկող բույսեր՝ զանգակ, ձնծաղիկ, գնարբուկ, երիցուկ, հովտաշուշան, աստղաշուշան, երեքնուկ, հիրիկ կովկասյան, պապլոր, և այլն:

Ձյունամերձ լանդշաֆտները հանրապետությունում տարածվում են հիմնականում բարձր լեռնային գոտիներում՝ 3500 մ-ից վեր (Արագած, Կապուտջուղ, Աժդահակ, Ծղուկ և այլն): Այս գոտում հիմնականում տիրապետում են մերկ ժայռերը, ձյան բծերն ու սառնամանիքային հողմահարման երևույթները։ Բուսածածկույթ այստեղ չի առաջանում։ Միայն որոշ տեսակի մամուռներ ու քարաքոսեր են տարածվում։ հողերը կմախքային, պարզագույն հողեր են, ավազներ

Հայաստանի կենդանական աշխարհ

Հայաստանի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։ Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։

Հայաստանի տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը Հայաստանի կենդանական աշխարհի տեսակների վրա։

Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ անդրկովկասյան տակիրային կլորագլուխը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ։ Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովասյան մայրեհավը։

Հայաստանի կենդանական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև մի շարք լայն տարածված Եվրասիբիրական ծագման տեսակներ։